Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

«ՈՒզո՞ւմ եք, որ հավատան ձեր անկեղծությանը, ուրեմն մի կպեք ձեր աթոռներին»

«ՈՒզո՞ւմ եք, որ հավատան ձեր անկեղծությանը, ուրեմն մի կպեք ձեր աթոռներին»
31.07.2009 | 00:00

«ԵՐԿՈՒ ԵՐԿՐՆԵՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՀԱՐԿՈՒՄ ԵՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ»
Վերջին օրերին քաղաքական օրակարգի թիվ մեկ խնդրի` ղարաբաղյան հիմնահարցի և ներքաղաքական այլ խնդիրների շուրջ զրուցում ենք ՀԺԿ քաղխորհրդի անդամ ՌՈՒԶԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ, ումից, նախ, հետաքրքրվեցինք, թե Հայ ազգային կոնգրեսում հանգստությո՞ւն է փոթորկից առաջ, թե՞ ընդդիմությունը հիմնավորապես որդեգրելու է հանդարտ պայքարի, սահմանադրական ճանապարհով գնալու քաղաքականությունը։
-Տարածված մտայնություն կա, որ եթե հրապարակային մեծ միջոցառումներ` հանրահավաքներ, երթեր չեն կազմակերպվում, ուրեմն անդորր է, քաղաքական կյանքն էլ` արձակուրդում,- ասաց տիկին Խաչատրյանը։- Իրականում այդպես չէ։ Հասարակական մեծ, հնչեղ միջոցառումներ սովորաբար լինում են ներսում իրականացված աշխատանքների ավարտական փուլում, այսինքն` մենք հիմա ներքին աշխատանքային փուլում ենք։ Քանի որ ՀԱԿ-ն իր կարծիքը հայտնում է մեր երկրում ու նրա շուրջ տեղի ունեցող տարբեր իրողությունների վերաբերյալ, ապա ակնհայտ է, որ կոնգրեսն արձակուրդ չի գնացել։ Ինչ վերաբերում է սահմանադրական ճանապարհով ընթանալուն, ապա նման քաղաքականություն հայաստանյան ընդդիմությունը որդեգրել է ոչ թե 2003-ից, այլ ավելի վաղ` 98-ից, երբ նախագահական ընտրություններից հետո Կարեն Դեմիրճյանը չգնաց իրավիճակի սրացման` ելնելով երկրի և պետության շահերից։ 2003-ին էլ կեղծված ընտրություններից հետո հասարակական ուժերի մեծ համախմբում, շարժում կար, և Ստեփան Դեմիրճյանը նույնպես գնաց սահմանադրական ճանապարհով, որովհետև քաղաքական դրական փոփոխություն հնարավոր է միայն այդ ձևով։ Նույն սկզբունքով մենք առաջնորդվում ենք նաև 2002-ի խայտառակ ընտրություններից հետո։ Այս ճանապարհը մշտապես խախտել ու հիմա էլ խախտում են իշխանությունները` խաղաղ ցուցարարների, ժողովրդի դեմ ուժ կիրառելով։ Այնպես որ, մենք մեր ուղուց երբեք չենք շեղվել։
-Մարտավարական փոփոխությունների անհրաժեշտություն չե՞ք տեսնում` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ՀԱԿ-ում տարբեր խնդիրների շուրջ երբեմն-երբեմն տարակարծություններ են ի հայտ գալիս։
-Նախ` պետք է շեշտել, որ փոփոխությունների կարիք մշտապես լինում է։ Ասվածը վերաբերում է ոչ միայն ընդդիմությանը։ Նոր իրադարձություններ են տեղի ունենում, նոր փաստեր են ի հայտ գալիս, բնականաբար, այդ ամենը հանգեցնում է որոշակի քայլերի վերանայման։ ՀԱԿ-ում ի հայտ եկած տարակարծությունների առնչությամբ էլ պետք է նման կարծիք տարածողներին հիասթափեցնեմ, քանի որ ոչ մի էական հակասություն չկա։ Եվս մեկ անգամ հիշեցնեմ, որ բազմաթիվ կուսակցություններ, ՀԿ-ներ, անհատներ, կոնգրեսի ստեղծման հռչակագիրը ստորագրելով, հստակ ամրագրեցին, որ համախմբվում են երկրում սահմանադրական կարգ հաստատելու, օրինական իշխանություն ձևավորելու նպատակով։ Մնացած հարցերում` Ղարաբաղի հիմնախնդիր, տնտեսական քաղաքականություն, հնարավոր են լիովին տարբեր մոտեցումներ։ Սա շատ նորմալ է ու դրական։ Այդ տարբերությունն ի սկզբանե մենք հաշվի ենք առել, ուստի դրանք չեն էլ խանգարում մեր համագործակցությանը։
-Կարծիքների տարբերությունն առավել ակնհայտ դարձավ հատկապես ղարաբաղյան հիմնախնդրի վերջին զարգացումների ժամանակ, երբ հստակորեն տարանջատվեց երկու մոտեցում` «ոչ մի թիզ հող» և «փոխզիջումային տարբերակ»։ ՀԺԿ-ն ո՞ր տեսակետի կողմնակիցն է։
-Երկու դեպքում էլ ճշտի կամ սխալի հիմքեր չեմ տեսնում։ Ժիրայր Սէֆիլյանն ու իր համակիրները ճիշտ են իրենց դիրքից ու տեսակետից, որպես մարդիկ, ովքեր անմիջական մասնակցություն են ունեցել ազատագրական պայքարին, արյուն են թափել, ուստի բնական է, որ պետք է արմատական մոտեցում ունենան։ Ես այդ մոտեցումը հարգում եմ ու ոչ մի սխալ բան չեմ տեսնում դրանում։ Այս հարցում մյուս թևի քաղաքական դիրքորոշումը ևս միանշանակ չէ, քանի որ փոխզիջումների չափի, մեխանիզմների շուրջ էլ տարբեր կարծիքներ են հնչում, այսինքն` ինչպիսի՞ փոխզիջումներ կարող են լինել, ո՞ր քայլից հետո և այլն։ Մինչդեռ այսօր պետք է առավել կենտրոնանալ քննարկվող սկզբունքների վրա, որոնք անընդունելի են բոլորի` և՛ ռադիկալների, և՛ փոխզիջումային տարբերակի կողմնակիցների համար։ Երբ 1998-ին տեղի ունեցավ պետական հեղաշրջում, «պատերազմի ուժերը» ձևավորեցին իշխանություն (ի դեպ, այսօրվա իշխանությունն էլ դրա մի մասն է), որն այդ հեղաշրջումն իրականացրեց ոչ մադրիդյան սկզբունքների հիման վրա։ Նրանք ասում էին` միայն փաթեթային, հաղթական լուծում, միայն 8000 քառակուսի կիլոմետրով մեր տարածքների ավելացում, ոչ մի փոխզիջում և այլն, և այլն։ Տասը տարի անց մենք տեսանք, որ բանակցությունների զարգացումը հանգեցվել է այնպիսի կետի, որն անընդունելի է և՛ Հայաստանի, և՛ Ղարաբաղի հասարակության համար։ Այսինքն, առաջին իսկ օրվանից այդ հեղաշրջումն իրականացրած մարդիկ անկեղծ ու շիտակ չեն եղել։ Այդ քաղաքական փոփոխությունը կատարվեց ոչ թե հանուն Ղարաբաղի և Հայաստանի, այլ անձնական շահերից դրդված։
-Հնարավո՞ր է զարգացումներն այնպիսի ընթացք ստանան, որ սցենարը կրկնվի, ասել է` ղարաբաղյան հիմնախնդիրն անկյունաքար դառնա` ևս մեկ անգամ իշխանափոխություն իրականացնելու համար։ Պատմությունը կարո՞ղ է կրկնվել։
-Ընդդիմությունն այս իշխանությունների հրաժարականն է պահանջում ոչ միայն ղարաբաղյան հիմնախնդրի, այլև այն ամենի համար, ինչը Հայաստանում կատարվում է` սկսած 1998-ից։ Նույնիսկ ժողովրդավարության փոքր ծիլերը, որ Հայաստանում կային, խեղդվեցին այս ընթացքում, որովհետև անցկացվեցին խայտառակ, անօրինական, բռնի ընտրություններ, կոռուպցիան համատարած բարգավաճեց, խոսքի ազատության նկատմամբ ոտնձգությունները խորացան և այլն։ Չկա իրավունքի այնպիսի ոլորտ, որը ոտնահարված չլինի։ Այնպես որ, չպետք է իշխանափոխությունը կապել միայն Ղարաբաղի հետ, չնայած խնդիրն իսկապես արդար լուծում է պահանջում։ Ինձ համար ակնհայտ է, որ այս իշխանությունները պատրաստ չեն գնալու լուծումների, քանի որ խնդրի այս կամ այն լուծումը հանգեցնելու է իշխանափոխության։
-Հրապարակված մադրիդյան սկզբունքները ձևավորվել են 2007-ին, արդյոք դրա ողջ պատասխանատվությունը միմիայն այս իշխանությունների՞նն է, չէ՞ որ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման օրոք են դրանք համաձայնեցվել։
-Չեմ տարանջատում մեր պատմության այդ երկու փուլերը` քոչարյանական և սարգսյանական։ Չեմ բացառում նաև պայմանավորվածությունը, փոխադարձաբար համաձայնեցված քայլերը։ Այս ընթացքում շատ բացասական մի տարր ևս ի հայտ եկավ բանակցություններում, երբ Ղարաբաղը դուրս մղվեց գործընթացից, և Ղարաբաղ-Ադրբեջան հակամարտությունն աշխարհի համար վերածվեց Հայաստան-Ադրբեջան հակամարտության, Հայաստանն էլ սկսեց ընկալվել ագրեսոր։ Սա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Ռոբերտ Քոչարյանը Հայաստան եկավ։ Սա մեծ սխալ է, եթե ոչ հանցագործություն, որը հանգեցրեց այսօրվա իրավիճակին։ Ամեն ինչ արվել է, որ ի չիք դարձվի աշխարհի կողմից Ղարաբաղի անկախության ճանաչումը։ Առաջին շատ խոսուն փաստն այն է, որ Ղարաբաղի գրեթե բոլոր պաշտոնյաները, ովքեր հեռացել են պաշտոնից, լքել են Ղարաբաղը։ Սա ինչի՞ մասին է խոսում։ Եթե ուզում ես Ղարաբաղը պահել, դու պետք է լինես այնտեղ։ Եթե այս իշխանություններն ուզում են, որ ոչ միայն Հայաստանի, այլև միջազգային հանրությունն էլ հավատա այդ անկախությանը, նրանք պետք է մնային Ղարաբաղում։ Այստեղ` Հայաստան գալով, պաշտոն գրավելով, հայաթափում են Ղարաբաղը։ Սա ցավալի ու ողբերգական գործընթաց է։ ՈՒզո՞ւմ եք, որ հավատան ձեր անկեղծությանը, որ հանուն Ղարաբաղի ու Հայաստանի եք գործում, ուրեմն մի կպեք ձեր աթոռներին։ Այնտեղ մարդիկ, ովքեր ժամանակին ձեզ ձայն են տվել, նայում են ձեր պահվածքին ու կրկնում ձեր քայլերը։ Մնացեք Ղարաբաղում, որ կարողանաք ողջ հանրությանն էլ ապացուցել, թե ղարաբաղցին պետք է ապրի իր պատմական հողում։ Հետպատերազմական տարիներին պետք էր շատ արագ վերաբնակեցնել ազատագրված տարածքները հայ փախստականներով, ստեղծել համապատասխան պայմաններ` ներդրումներ կատարել, վարկեր տրամադրել մարդկանց։ Հակառակ դրան, մի խումբ մարդիկ մեր ժողովրդի նվիրյալների կյանքի գնով ազատագրված տարածքները դարձրեցին սեփական բիզնեսի աղբյուր։ Այսպիսի հանցագործ սխալները բազմաթիվ են։
-Կարծում եք Ղարաբաղի հարցում Սերժ Սարգսյանն ընդունա՞կ է գնալու ոչ հայանպաստ լուծումների։
-Այսօրվա իշխանության մեջ գտնվող մարդիկ շատ բանի են ընդունակ ու ցույց են տվել արդեն, թե ինչի են ընդունակ։ Համոզված եմ` ամեն ինչ արվում է հիմնախնդիրը ձգձգելու, չլուծելու համար։ Սա ձեռնտու է նաև Ադրբեջանի իշխանությանը։ Երկու երկրների իշխանություններն էլ շահարկում են ղարաբաղյան հարցն իրենց ներքին խնդիրները լուծելու համար։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է, թե այս վարչախումբը որքան անլուրջ են մոտենում ազգի համար ճակատագրական նշանակություն ունեցող հարցին։ Այն վնասը, որ վարչախումբը հասցրել է մեր երկրին, պետությանը, ահավոր է, այդ թվում` տարիներ շարունակ բազմաթիվ քաղաքական սպանությունները, հաշվեհարդարները, ի վերջո, հոկտեմբերի 27-ը, որը ևս պետական հեղաշրջում էր` ահաբեկչության միջոցով։
-Մինչև տարեվերջ բացառո՞ւմ եք որևէ փաստաթղթի ստորագրում։
-Չեմ տեսնում այդպիսի հնարավորություն, մանավանդ որ փոխվում են համանախագահներից երկուսը։ Կլինեն նոր նշանակումներ, նոր հանդիպումներ, բանակցություններ, ու կրկին ամեն ինչ կսկսվի նորից, բայց այս անգամ արդեն ոչ թե նույն, այլ շատ ավելի անկումային կետից, քանի որ Հայաստանի վիճակը գնալով վատանում է։ Արտաքին աշխարհում անկում է ապրում նրա վարկանիշը, ու ամենացավալին` Հայաստանի քաղաքացիները կորցնում են հավատը պետության նկատմամբ։
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1811

Մեկնաբանություններ